ԳԼԽԱՎՈՐ




ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 


Բարի գալուստ Մէլիքաց Միության պաշտոնական կայք:

Ի՞նչ է ազնվականությունը: Ո՞րն է տոհմաբանության նշանակությունը: Ո՞րն է նիշագիտության իմաստը: Ինչո՞ւ են մեզ՝ XXI դարում անհրաժեշտ այդ՝ կարծես թե հնաշունչ երևույթներն ու հասկացությունները: Ժամանակակից մարդկանց մեծամասնությունը պատկերացում չունի առ այն, թե որքան է կախված նախնյաց ժառանգությունից: Մենք շարունակությունն ենք մեր արմատների, մեր նախնիների, մեր պատմության: Մեր անուններն ու ազգանունները, դիմագծերը, մտածելակերպը, բնավորության գծերն ու ունակությունները՝ այդ բոլորը ի սկզբանե մեզ է ժառանգված մեր նախնիների գեներով: Բնականաբար, մենք շատ բան կարող ենք փոփոխել, բայց նույնիսկ այն, թե ինչպես մենք կփոխեն այդ ամենը՝ դրանում ևս կզգացվի մեր տոհմականության արձագանքը: Այսպիսով, եթե մենք ճանաչենք մեր ծագումը, մենք ավելի լավ կհասկանանք թե ով ենք մենք իրականում:

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ասում էր. «Եթե մարդուն վերաբերվեք ըստ իր արժանիքների, ապա նա կմնա այնպիսին, ինչպիսին որ կա: Բայց եթե իրեն վերաբերվե այնպես, ինչպիսին նա պետք է և կարող է լինել, ապա նա կդառնա այդպիսի մի մարդ»: Գուցե հենց դա է ազնվականության բուն էությունը. մարդկանց օրինակ ծառայել առ այն, թե ինչպիսիք իրենք պետք է և կարող են լինել: Հանրությունը, որն օժտված է ազնվականության արժեհամակարգով՝ պատվո, պարկեշտության, պարտքի, հայրենասիրության, ավանդապաշտության արժեքներով – իսկապես առաջադիմական է, քան զի այդպիսի հանրությունում մարդիկ ձգտում են հասնել այդ արժեքներին: Իր «Խամսայի մելիքություններում» անվանի հայ գրող և պատմաբան Րաֆֆին գրել է. «Պատմությունը մի վարդապետարան է, մի դասարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախնիների սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին»:

Հայ տիտղոսավոր ազնվականության պատմության ու ավանդույթների ուսումնասիրությունը և արդյունքում ձեռքբերված գիտելիքների տարածումը հանդիսանում են Մէլիքաց Միության հիմնական առաքելությունը: Միությունը հիմնվել է 2012 թվականին և գրանցված է Հայքի Արդարադատության Նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն: Մէլիքաց Միության գործունեության հիմնական բնագավառներն են. հայ մելիքական տոհմերի պատմության, տոհմաբանության, նիշագիտության, ազգագրության ուսումնասիրությունները, և հայ ազգի ազնվական դասի ավանդույթների ու արժեհամակարգի մասին համապատասխան գիտելիքների տարածումը:

Սխալ կլիներ վերոշարադրածը համարել լոկ անցյալի հանդեպ կարոտ: Հայ պատմիչ Եղիշեն նկատել է, որ «անցյալի մասին հիշողությունը մի աշտարակ է, որից լավ է երևում ապագան»: Կարծես շարունակելով այդ միտքը, Րաֆֆին մեջբերում էր հետևյալ խոսքը. «Քրքրիր մի ազգի հնությունները և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին»: Ինչպես տեսնում ենք, Եղիշեի և Րաֆֆու խոսքը ուղղված է ոչ թե անցյալին, այլ ապագային: Նույնպես և Մէլիքաց Միությունն իր գործունեության հիմնական իմաստն է համարում հայ ազգի ապագա սերունդների դաստիարակությունը հայոց ազնվականության արժեհամակարգի ներքո և, այդպիսով իսկ, Հայքում (ընդմիշտ Արցախի հետ) իսկապես ազգային առաջադիմական հանրության վերաձևավորումը: Քան զի միայն իր արմատները ճանաչող և իր ավանդույթներին հետևող ազգն է, որ ունի ապագա: Մեր Միությունը ոչ մի դեպքում փակ էլիտար շրջանակ չէ. եկեք միասին կերտենք մեր այդ ապագան:


Մէլիքաց Միության Վարչություն


WELCOME

Welcome to the official website of the Meliq Union.



ДОБРО ПОЖАЛОВАТЬ

Добро пожаловать на официальный сайт Меликского Союза.